Բավ է պառակտվել
11-11-2019 14:51

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել․ Լավրով

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Երևանում իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11 պաշտոնական այցով գտնվում է Երևանում։

“Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել։ Հայաստանը պարզապես դրանք չի ստորագրի։ Սա է մեր ելակետը։ Ցանկանում եմ նշել, թե ինչ ասաց մեր հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ նա հիշատակեց իր հրապարակային հայտարարությունն այն մասին, որ վերջնական պայմանավորվածություններում պետք է հաշվի առնվեն և′ Հայաստանի, և′ Ղարաբաղի, և′ Ադրբեջանի շահերը։ Սրա հետ դժվար է վիճել”, – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը պնդում է, որ այն պետք է լուծվի միայն իր տարածքային ամբողջականության պահպանմամբ, Լավրովն կրկնել է Փաշինյանի բանաձևը, որ պայմանավորվածությունը պետք է հաշվի առնի երեք կողմի շահերը։

“Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են կողմերի միջև քննարկվող փաստաթղթի բոլոր տարբերակներում։ Ամեն դեպքում, վերջնական հանգուցալուծումը պետք է հաշվի առնի այդ բոլոր սկզբունքները։ Սրա հետ չեն վիճում ո՛չ Երևանը, ոչ՝ Բաքուն”,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ համանախագահները փորձում են, որ այդ փոխզիջումը լինի ազնիվ և արտացոլի շահերի իրական, արդարացի հավասարակշռությունը։