Բավ է պառակտվել
13-11-2021 15:52

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կենտրոնացած կլինի հումանիտար խնդիրների լուծման վրա․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիա կատարած այցին հաջորդած իր ելույթում և լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասել է, որ շոշափվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ գործունեության համատեքստում։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, Լավրովը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Փարիզում կայացել է երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

«Բոլորն աջակցել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերված համաձայնությանն»,- ասել է նա։

Լավրովի խոսքով, առաջընթաց է արձանագրվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության մեջ, մի շարք հումանիտար խնդիրների լուծման գործում, նախանշվել են մի շարք ոլորտներ, որտեղ պետք է ավելին անել։

«Այս առումով համանախագահների գործունեությունը մոտ ապագայում կենտրոնացած կլինի հումանիտար խնդիրների լուծման վրա, տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու, կենցաղային հարցերը կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար պայմաններ ստեղծելու վրա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։