Բավ է պառակտվել
29-12-2020 22:50

Լավրովն ու Չավուշօղլուն Սոչիում քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Այսօր Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարները, ի թիվս երկկողմ և միջազգային բազմաթիվ հարցերի, անդրադարձել են նաև Արցախի հիմնահարցին:
Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` տարածաշրջան ներթափանցելու համար։ Այս հարցում Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ինքնաբավ են: Դրանք կախված չեն որևէ ագրեսիվ, ոչ բարեկամական գործողություններից կամ ինչ-որ մեկի քմահաճույքից: Դրանք հիմնվում են երկու երկրների ազգային շահերի և փոխշահավետ համագործակցելու վճռականությունից: Մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռքբերել մինչ Արեւմուտքի սպառնալիքներն ու անօրինական սահմանափակումներ մտցնելը»,-ասել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ թե՛ ռուսական և թե՛ թուրքական կողմերը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը որևէ կողմ չպետք է օգտագործի՝ տարածաշրջան օտարերկրացի վարձկանների ներթափանցման փորձի համար:
«Ողջունում ենք Անկարայի ձգտումը՝ աջակցելու հակամարտության կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարմանը։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ին

Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաև կրակի դադարեցման պարտավորությունների կատարման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», - ընդգծել է նախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ այդ համատեղ կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների արդյունքում և այժմ "տեղի է ունենում նրա ակտիվ ծավալման գործընթացը": Նոյեմբերի սկզբին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ ռուս և թուրք զինվորականները «մոտ ժամանակներս իրենց պարտականությունները կստանձնեն» Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ կենտրոնում:

Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես անդրադարձել է այժմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և պայմանավորվածություններից հետո ձեռք բերված արդյունքներին:

«Մենք արդեն տեսնում ենք արդյունքները, հաստատվել է հրադադարի ռեժիմը: Շատ շուտով կստեղծվի նաև հրադադարի ռեժիմի կատարումը վերահսկող համատեղ կենտրոնը: Անհրաժեշտ վստահության դեպքում հնարավոր կլինի խաղաղություն հաստատել: Շատ կարևոր են նաև ռուս-թուրքական հարաբերությունները: Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի, և տարածաշրջանը զարգանա»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Զրույցը վերաբերել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման նախապատրաստմանը: «Այն կարող է տեղի ունենալ 2021 թվականին Թուրքիայի տարածքում», - ասել է Չավուշօղլուն:

«Այսօր մենք նախապատրաստություն կանցկացնենք հաջորդ տարի Թուրքիայում մեր նախագահների հանդիպման համար», - հայտարարել է նա:

Նախարարները կարևորեցին այն դերը, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական երկխոսությունը և վստահության բարձր մակարդակը նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը:

Արմինե Գևորգյան