Բավ է պառակտվել
14-01-2022 14:24

Լավրովը նշել է սահմազատման հանձնաժողովի հարցում Բաքվի և Երևանի տարաձայնությունները

Երևանի և Բաքվի միջև տարաձայնություններ կան կապված հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի հարցում։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսին։
Նախարարն ասել է, որ ԱԳՆ-ն առաջարկում է հնարավորինս արագ սկսել սահմագծման գործընթացը։ Նա ընդգծել է, որ դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և խնդրի կարգավորմանը։

«Դա զուտ երկկողմ հարց է։ Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծել դրա համար և մեր ծառայություններն ենք առաջարկում որպես խորհրդատու, քանի որ ՌԴ Գլխավոր շտաբում, այլ կառույցներում կան քարտեզներ, որոնք արտացոլում են ԽՍՀՄ կազմավորման տարբեր փուլերը և դրանում վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխություններն»,- ասել է նա։

Լավրովը հիշեցրել է, որ նախօրեին խոսել է այս թեմայով իր հայ գործընկերոջ (Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի) հետ։ Նրա խոսքով՝ կան կողմերի համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողովը ստեղծելու համար նախ և առաջ պետք է պայմանավորվել դրա ձևավորման պայմանների շուրջ։

«Այդ պայմաններն այժմ քննարկվում են։ Կան տարաձայնություններ։ Մեր դիրքորոշումն է․ պետք է նստել սեղանի շուրջ և արդեն պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել այն բոլոր հարցերը, որոնք դեռևս համաձայնեցված չեն»,- նշել է նա։

Նա ասել է, որ Սոչիում իսկապես սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, և նույնիսկ հույս է հայտնվել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի վերջ։

«Սակայն կրկին կյանքն ավելի բարդ է, և այն ուղղակիորեն ստեղծելու առաջընթացն իսկապես բավարար չէ։ Կտեսնենք, ինչպես անել, որ այն (հանձնաժողովը) որքան հնարավոր է շուտ գործարկվի», - ընդգծել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ կողմերի միջև տարաձայնություններ կան, թե ինչ է պետք արվի, որ հանձնաժողովը սկսի գործել։

«Դժվար կլինի։ Այս թեմայի քննարկման ընթացքում մենք համոզվեցինք, որ, հավանաբար, օպտիմալ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ դրա օրակարգում ներառելով առաջնահերթ լուծում պահանջող հարցեր»,- կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարը։