Բավ է պառակտվել
10-05-2021 11:10

Լավրովը Բաքվում կքննարկի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կմեկնի Բաքու, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Նրա այցն Ադրբեջանի մայրաքաղաքում կավարտվի երեքշաբթի: Մայիսի 5-6-ը ռուսաստանյան նախարարը գտնվել է այցով Երևանում, որտեղ հանդիպել է իր հայաստանցի գործընկեր Արա Այվազյանի և հանրապետության վարչապետի ժ․պ․ նիկոլ Փաշինյանի հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում նախատեսվում է դիտարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին»,- նշել է նա:

Երևանյան այցի արդյունքները

Հայաստանի մայրաքաղաքում կայացած բանակցություններից հետո Լավրովն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորվել է, բայց տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման գործընթացները չի կարելի քաղաքականացնել: Այվազյանը համաձայնեց ռուսական կողմի թեզիսների հետ: Ըստ նրա, խաղաղապահների ներկայությունը կանխեց բռնությունը տարածաշրջանում, իսկ միջազգային կազմակերպությունների ներգրավումը դրա վերականգնմանը պետք չէ կապել քաղաքականության հետ:

Հայկական կողմը պնդում է, որ Բաքուն չի պահպանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ութերորդ հոդվածի դրույթները՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման մասին: Երևանն այս հարցը համարում է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման առանցքային հարցերից մեկը:

Ակնկալվում է, որ Բաքվում մամուլի հետ շփվելիս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կպատասխանի տարածաշրջանային խնդիրների շրջանակից դուրս գտնվող հարցերին, ինչպես դա եղավ Երևանում։

Մշտական երկխոսություն Ղարաբաղի վերաբերյալ

Չնայած Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում տեսանելի հաջողություններին, տարածաշրջանում խաղաղության հաստատումը շարունակում է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը: Դա հաստատելու եկան վերջին ամսվա ընթացքում եղած շփումները։ Ապրիլի սկզբին Լավրովը Մոսկվայում ընդունեց Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ ղեկավարներին և յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում անցկացրեց:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները բարձրացվեցին նաև Թեհրանում ապրիլին կայացած Ռուսաստանի արտգործնախարարի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունների ընթացքում։ Բացի այդ, նախորդ ամիս Լավրովը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ քննարկեց համագործակցությունը հակամարտության գոտում տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Շարունակվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ։ Ռուսական կողմը նշել է Բաքվի և Երևանի կառուցողական տրամադրվածությունն այս ձևաչափում աշխատելիս: