Բավ է պառակտվել
06-01-2022 16:35

Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Նախարարները դրական են գնահատել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել էր, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, ենթադրաբար՝ հունվարին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ-թուրքական երկխոսության գործընթացի շուրջ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է նշանակվել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայկական կողմից բանագնաց է նշանակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը (Փաշինյանի մերձավորը)։ Հայաստանի արտգործնախարարությունը երեկ տեղեկացրել է, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Էրդողանի և Ալիևի նախաձեռնությունը

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ 3+3 ձևաչափով համագործակցության նախաձեռնությամբ։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել այս նախաձեռնությանը, սակայն Բաքվին և Երևանին առաջարկել է խաղաղության պահպանման բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով։