Բավ է պառակտվել
08-07-2021 10:09

Աֆղանստանի հետ սահմանի կողմից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը անմիջապես կքննարկի դա․ Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Աֆղանստանի հետ սահմանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում, շտապ կքննարկի այդ միջադեպը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հինգշաբթի օրը, ելույթ ունենալով Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանում «Ռուսաստանի միջազգային գործունեությունը Ռուսաստանի մարզերի զարգացման համար» թեմայով դասախոսությամբ:

«Եթե Տաջիկստանի վրա հարձակում լինի, իհարկե, դա անմիջապես ՀԱՊԿ-ի քննարկման առարկա կդառնա», - ասաց նա:

Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվան ու Դուշանբեն դաշնակիցներ են Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ռազմաբազա ունի Տաջիկստանում: «Այնպես որ, իհարկե, մենք կկատարենք մեր պարտավորությունները», - շեշտել է նա:

Երկուշաբթի օրը Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամլո կենտրոնը հաղորդեց, որ «Թալիբան» արմատական շարժման (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) կողմնակիցների հետ մարտերից հետո ավելի քան 1000 աֆղանացի զինվոր է նահանջել հանրապետության տարածք: Վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն գրանցվել է մի քանի դեպք, երբ աֆղանական զորքերը ստիպված անցել են Տաջիկստանի տարածք:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ իրավիճակը Աֆղանստանի հյուսիսային շրջաններում վատթարանում է և առաջացնում է կազմակերպության լուրջ անհանգստությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Տաջիկստանին աջակցություն ցուցաբերել հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու գործում: Հուլիսի 1-ին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը ընդունեց մտահոգության հայտարարություն Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ և երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց խաղաղ գործընթացի ուղիներ փնտրել: