Բավ է պառակտվել
15-02-2014 13:18

Միգրացիոն նոր օրենք ընդունելով ՌԴ-ն լավություն արեց մեզ՚. քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ վաղուց Հայաստանի ազգային անվտանգության հիմնահարցը դարձել է ժողովրդի արտագաղթը, մինչդեռ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «նամակ է գրում ռուսաց թագավորին»՝ խնդրելով ընդունել իր ժողովրդին: «Դու ժողովրդի տեղահանությունն ես կազմակերպում, ա՛յ անվտանգության քարտուղար: Քո խնդիրն այսօր արտագաղթն է, դրա համար կռիվ պիտի տաս բոլորի հետ»- զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակումն այն մասին, թե Արթուր Բաղդասարյանը ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Քաղաքագետի խոսքով՝ անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է սեփական իշխանությանը ստիպի աշխատատեղեր բացել, մինչդեռ Արթուր Բաղդասարյանը այդ անվտանգությունը տեսնում է ժողովրդի տեղահանության մեջ: «Բա էլ ի՞նչ անվտանգություն, եթե դրանով ինքը տեղահանության կոչ է անում, ինքը չի ստիպում Հայաստանի իշխանություններին, գործարարներին աշխատատեղեր ստեղծել, փոխարենն ասում է, թե ինչո՞ւ տեղահանություն չես կատարում, ընկե՛ր Պատրուշև: Այդպիսի անվտանգություն տեսած կա՞ք, դա հակահայկական գործ է»,-ասաց նա։
«Իր պաշտոնն այնպիսին է, որ բոլոր միջոցները պետք է օգտագործի երկրում կարգ ու կանոն հաստատելու համար, երկրում ընտրությունները չկեղծելու համար, անվտանգությունը դրա մեջ է: Բայց ինքն ասում է՝ բարեկամ ջան, ընդունի իմ ժողովրդին»: Լևոն Շիրինյանը միանշանակ հնարավոր համարեց Հայաստանի և Արցախի տարածքում կազմակերպել հայ ժողովրդի բարեկեցիկ կյանքը: