«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում ձայների վերահաշվարկ կատարելու իշխանությունների մտադրության մասին և կոչ արել քաղաքացիներին, հատկապես չքվեարկածներին, պատրաստ լինել բողոքի ակցիաների։
Նա նշել է, որ իշխանությունները նախատեսում են բոլոր տեղամասերում կատարել ձայների վերահաշվարկ և կեղծիքներով հասնել ընտրությունների արդյունքների վերանայման՝ ստանալով 1 մանդատ, որն իրենց պակասում է ավագանիում մեծամասնություն ոնենալու համար։
Թևանյանը կոչ է արել բոլորին պատրաստ լինել բողոքի ակցիաներ սկսելու, եթե դա տեղի ունենա։
Սեպտեմբերի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ավագանի մտնելու նվազագույն շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ․ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան)` 9,68%, «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան)՝ 32, 57%, «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության)՝ 18,89%, «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան)՝ 11,32% և «Մայր Հայաստան» դաշինք՝ ( Անդրանիկ Թևանյան)՝ 15,43%։
Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրում է քաղաքապետին 5 տարի ժամկետով։ Գործող ավագանին իր աշխատանքները սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։
Ինչպես նախօրեին հայտնել էր Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 7 մանդատ։
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել 475 ընտրատեղամասում։ Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի սեպտեմբերի 24-ին։
Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրում է քաղաքապետին 5 տարի ժամկետով։ Գործող ավագանին իր աշխատանքները սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։