Բավ է պառակտվել
28-11-2019 16:46

ՀԱՊԿ երկրների առաջնորդները հանդես են եկել ՌՀՍՊ-ի երկարաձգման օգտին

ՀԱՊԿ երկրների առաջնորդներն համատեղ հայտարարություն են ընդունել, որում հույս են հայտնել երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը (ՌՀՍՊ)։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, լուսաբանելով Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը:

"Ցավում ենք Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի գործողության դադարեցման կապակցությամբ, խորապես մտահոգված ենք Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի ապագայի համար, որի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին",- ասվում է հայտարարության մեջ:
Երկրների առաջնորդները անհանգստությամբ նշել են նաև "իրավիճակի շարունակվող վատթարացումը միջազգային անվտանգության ոլորտում և դրա պահպանման իրավական մեխանիզմների թուլացումը, այդ կապակցությամբ ռիսկերի և սպառնալիքների մեծացումը, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում կոնֆլիկտածին մակարդակի բարձրացումը": Հայտարարության մեջ նշվում է նաև "տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի իրական հեռանկարներն ու այն ռազմական առճակատման հարթակի վերածելը": Պետությունների ղեկավարները կոչ են արել բոլոր երկրներին համատեղ աշխատել սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցով միջազգային համաձայնությունների գործող համակարգի զարգացման և ամրապնդման ուղղությամբ":
Հայտարարության մեջ շեշտվել են միջազգային հարաբերություններում ավելի հաճախակի դարձած՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտության և ուժի կիրառման, ինչպես նաև “առանձին երկրներին նպատակաուղղված, ապակառուցողական տեղեկատվական-քարոզչական ազդեցության միջոցով խնդիրների լուծման փորձերը”:
Ընդգծելով աշխարհում լարվածության օջախների թվի աճը՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները նշել են "միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար համաշխարհային հանրության համագործակցության կատարելագործման անհրաժեշտության մասին" և կոչ արել "ուժգնացնել համակարգված և արդյունավետ աշխատանքը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում":
ՌՀՍՊ-ն ստորագրվել է Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից 2010 թվականին: Դրա պայմանների համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը կրճատում է ռազմավարական հարձակողական սպառազինություններն այնպես, որ պայմանագրի ուժի մեջ մտնելուց 7 տարի անց և հետագայում դրանց թիվը չգերազանցի 700 միավորը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների համար, 1550 միավորը դրանց վրա մարտագլխիկների համար, 800 միավորը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների չկիրառված սարքավորումների համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մնում 10 տարվա ընթացքում՝ մինչև 2021-ը, եթե մինչ այդ ժամկետը չփոխարինվի հաջորդող համաձայնագրով։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նաև ստորագրել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված 15 փաստաթուղթ։
“Ղրղզական կողմի նախագահությամբ կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել է 15 փաստաթուղթ, այդ թվում՝ ՀԱՊԿ ՀԱԽ հայտարարությունը համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործման մասին, 1941-1945թ․թ․Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը և “ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին” որոշումը”,- հաղորդել են ՏԱՍՍ-ին Ղրղզստանի առաջնորդի մամլո ծառայությունից։
Ընդունված որոշումների մի մասը վերաբերում է ՀԱՊԿ երկրների համագործակցությանը պաշտպանա-արդյունաբերական համալիրների ոլորտում, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին դիմակայմանը։
“Ստորագրվել են նաև ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի մասին դրույթում փոփոխություններ կատարելու, այդ խորհրդի 2020թ բյուջեի մասին փաստաթղթեր և այլն”,- նշել է մամլո ծառայության ներկայացուցիչը։