Բավ է պառակտվել
19-11-2021 17:25

Լիտվան և ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտությունը լուծված չեն համարում․ Սեյմի կոմիտեի նախագահը մեկնաբանել է վերջին սրացումը

Լիտվան և ամբողջ Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտությունը լուծված չեն համարում։ Այս մասին ասել է Լիտվայի Սեյմի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար, Ապագայի հանձնաժողովի նախագահ Ռայմունդաս Լոպատան «Լուրեր»-ի հետ հարցազրույցում։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վերջին սացումներին՝ Լոպատան նշել է, որ պատվիրակությունը տեղեկացվել է սահմանային զարգացումներին Հայաստան մեկնելու ճանապարհին, որն այցելում է դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նշելու առիթով։

«Ես չափազանց անհանգստացած եմ օրեր շարունակ աճող լարվածությունից հետո երեքշաբթի օրը Հայաստանի հետ երկայնքով ադրբեջանական կողմից հարձակումների և ծանր զինատեսակների կիրառման վերաբերյալ հաղորդումներից: Այս պահին վճռորոշ նշանակություն ունի ցանկացած գործողության անհապաղ դադարեցումը և հետագայում ձեռնպահ մնալն այնպիսի գործողություններից, որոնք ավելի կընդլայնեն հակամարտության և մարդկային տառապանքների աշխարհագրությունը։ Մենք վճռականորեն մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց»,- շեշտել է նա։

Լոպատան ընդգծել է, որ բոլոր ուժերը պետք է ետ քաշվեն մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը, այսպիսով հնարավորություն ստեղծելով սահմանների սահմանազատման գործընթացը սկսելու համար միջազգային հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով։

Նա ասել է նաև, որ կողմերի համար կարևոր է հնարավորինս արագ առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության բովանդակային, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար։

Լոպատան համոզված է, որ այս հակամարտությունը լուծելու ուրիշ իրագործելի այլընտրանք պարզապես չկա, քան ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված փոխզիջումը։

«ԵՄ-ն կարող է և պետք է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենա ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացման, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում»,- ասել է նա։