Բավ է պառակտվել
17-11-2018 16:51

Լուկաշենկոն պետք է բացատրի, ի՞նչ հիմունքներով է Ադրբեջանի դեսպանին պատմել ՀԱՊԿ դռնփակ նիստի բովանդակությունը (տեսանյութ)

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զարմացած է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է այդ նիստի մասին։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների միջև լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնել և հոկտեմբերի 30-ին հետ է կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, նախապես չհամաձայնեցնելով այդ գործընթացները Կազմակերպության մյուս գործընկերների հետ։

“Մեր ԱԳՆ-ն արդեն արձագանքել է։ Հիմա պատկերացրեք նմանատիպ իրավիճակ, եթե, օրինակ, ես հրավիրեմ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկրի դեսպանին և պատմեմ դռնփակ նիստի մասին։ Պատկերացնու՞մ եք։ Դա դռնփակ նիստ է, որտեղ ռազմա-քաղաքական միության ղեկավարները փակ քննարկումներ են անցկացնում, և, եթե նիստը դռնփակ է, ապա դա դաշնակիցների փակ զրույց է։ Ես զարմացած եմ, որ 30 և ավել տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից”,- հայտարարել է նա լրագրողներին նախօրեին Երևանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսությունից հետո։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 12-ին Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ շոշափել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը և հայտարարել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, իսկ անցումային փուլում գտնվող երկրի համար դա շատ մեծ բեռ է:

Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոյի արված հայտարարությունը կոռեկտ չէ։

Փաշինյանի խոսքերով, պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահը։

”ՀԱՊԿ դռնփակ գագաթնաժողովից հետո նա հայտարարել է, որ Կազամկերպության գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։

“ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո նա հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են փոխհամաձայնությամբ, իսկ մենք հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը․քանի դեռ մենք կոլեգիալ որոշում չենք կայացրել, ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություն անել“, - ասել է նա, հավելելով, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հստակ ձևակերպել է Հայաստանի դիրքորոշումը:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին չի հաջողվել նոյեմբերի 8-ին Աստանայում կոնսենսունս ձեռք բերել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ։ Որոշվել է վերադառնալ այդ հարցին դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին, իսկ մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը։

Ըստ վարչապետի պաշտոնակատարի, շատ կարևոր է որ ՀԱՊԿ շրջանակներում կայանա առարկայական խոսակցություն դաշնակիցների հետ։

“Յուրաքանչյուր կողմի համար պետք է հստակ լինեն մյուս կողմերի նկատմամբ ունեցած պարտավորությունները, մյուսների պարտավորություններն իրենց նկատմամբ, և, ընդհանուր առմամբ, ինչ պարտավորություններ ունեն Կազամակերպության անդամները կառույցի և մյուս անդամ երկրների նկատմամբ” - ասել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցին, արդյո՞ք այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, Փաշինյանը նշել է, որ այդ հարցը նույնպես բարձրացվել է զրույցի ընթացքում։

“Մենք շարունակում ենք երկխոսությունը մեր գործընկերների հետ, Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման”,- ասել է Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք համաձայնության հավանականություն կա Բելառուսի առաջադրած թեկնածուի շուրջ, Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է․ “մենք աշխատում ենք կոլեգիալ մթնոլորտում և միջավայրում, պահպանում ենք մեր գործընկերների նկատմամբ կոռեկտությունն ու հարգանքը և հույս ունենք, և պահանջում ենք, որ մեր նկատմամբ նույն վերաբերմունքը ցուցաբերվի”։