Բավ է պառակտվել
07-05-2014 10:09

ԼՂՀ հարցում ԱՄՆ դիրքորոշումը պիտի հավատարիմ լինի ազատության արժեքին. ANCA

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է Միացյալ Նահանգների վարած քաղաքականության ու ամերիկյան արժեքների համընկնման կարևորությունը։
Ըստ Համբարյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպի վարած քաղաքականությունը պետք է հավատարիմ լինի ազատության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին։ Գործադիր տնօրենը հիշեցրել է, որ իրենց անկախությունը ստանալուց հետո ամերիկացիները մշտապես սատարել են ազատության գաղափարը՝ մերժելով թե՛ իրենց, թե՛ այլ ազատ ժողովուրդների վրա օտարների իշխանությունը։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչպես և ԱՄՆ-ինը, օտար բռնապետությունից ու ագրեսիայից ազատվելու ժողովրդավար ինքնորոշման արդյունք է»,- շարունակել է Համբարյանը՝ հիշեցնելով, որ ԼՂ-ն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
Նա նաև հիշեցրել է անկախության տարիներին Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների մասին, որոնք, ըստ միջազգային դիտորդների, լավ կազմակերպված են եղել ու անցել են ազատ, ազնիվ, թափանցիկ։
Այնուհետ աղբյուրը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հանուն խաղաղության Կարնեգի հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի շուրջ այսօր պատրաստվում է ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ։ ANCA-ն նկատում է, որ արվելիք հայտարարությունը համընկնում է ԼՂ հակամարտության հրադադարի կնքման 20-ամյակին։