Բավ է պառակտվել
25-11-2014 09:40

Ոչ մի երկիր իրավասու չէ բացասական արձագանքել օդաչուների դիակները վերադարձնելուն. Արցախի վարչապետ

«Շաբաթ օրը Արցախի պաշտպանական բանակը հատուկ գործողությունների շնորհիվ կարողացավ անկման վայրից տարհանել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
–Պարոն վարչապետ, մտավախություն չունե՞ք, որ միջազգային կառույցները բացասական կարող են արձագանքել այս քայլին, թե՞ համարում եք, որ նրանց տեսակետներն այս դեպքում էական չեն:
–Մենք, որպես զինվորի կյանքը գնահատող և միջազգային սկզբունքները հարգող կողմ, պարտավոր էինք սկզբից փորձել հումանիտար իրավունքով նախատեսված ընթացակարգերով վերցնել մեր օդաչուների մարմինները: Հետո՝ այդ մեթոդի անհաջողության պարագայում, կիրառել հատուկ գործողության տարբերակը: Եթե նույնիսկ միջազգային կառույցների բացասական արձագանքի ռիսկը մեծ լիներ, մենք այդ քայլին պետք է գնայինք:
Սակայն, ելնելով նրանց անգամ զգուշավոր արձագանքներից, տողատակերում տեսանելի էր Բաքվի հանդեպ առկա հիասթափությունը, քանի որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բախվել էին ադրբեջանական ֆաշիստական պատին: Մյուս կողմից՝ ոչ մի կառույց կամ երկիր իրավունք չունի բացասական արձագանքելու հումանիտար նպատակներով իրագործված գործողությանն այդ պայմաններում, մանավանդ որ պատշաճ դատապարտող պատասխաններ չեղան Ադրբեջանի սադրիչ կրակոցին, որով խոցվեց մեր ուղղաթիռը»,–գրում է թերթը։