Բավ է պառակտվել
16-09-2019 12:49

ՀԱՊԿ-ում առանց ՀՀ համաձայնության ցանկացած մեկնաբանություն կմնա միայն որպես այդպիսին. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը բաց է բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի առաջ։
«Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը։ Մասնավորապես դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների միջազգային վեճերի ու հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասաց Նաղդալյանը։
Հարցին, թե այդ հայտարարությունը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, Նաղդալյանն արձագանքեց, թե կան հստակ չափանիշներ, որոնց պետք է բավարարել։
Հիշեցնենք` Երևանում երեկ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստը: Քննարկման ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել է, որ կառույցի դռները ոչ ոքի համար փակ չեն, այդ թվում նաև՝ Ադրբեջանի, սակայն ամեն ինչ պետք է որոշվի կոնսենսուսով:
Աննա Նաղդալյանի խոսքերով, հստակ պետք է արձանագրենք, որ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։
«Ուստի, առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասաց Աննա Նաղդալյանը։
Նաղդալյանը, խոսելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի աշխատանքից ազատման մասին՝ նշեց, որ ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված չեն անձերով։
«Բոլթոնի գործոնը չէր կարող որոշիչ դեր խաղալ հայ-ամերիկյան հարաբերություններում, քանի որ այդ հարաբերությունները խորն ու ինստիտուցիոնալ են»,–ասաց Նաղդալյանը։


Արմինե Գևորգյան