Բավ է պառակտվել
19-04-2023 19:54

Մադրիդյան սկզբունքները նշանակում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէ. Օսկանյանը պատասխանել է Փաշինյանին

Մադրիդյան սկզբունքները նշանակում էին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէ, չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախօրեին խորհրդարանում արված հայտարարությունները հիմնովին սխալ են.

«Մադրիդյան սկզբունքներըՆիկոլ Փաշինյանի ասածի ճիշտ հակառակի մասին են։ Եթե մինչ 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը հանդիպեր և լսեր ինձ, իրադարձությունները կարող էին զարգանալ բոլորովին այլ ուղղությամբ»,- ասել է Օսկանյանը իր տեսաուղերձում, որը հրապարակել է իր հասցեին վարչապետի քննադատության առնչությամբ։

Նախկին արտգործնախարարը նշել է, որ ակտիվորեն մասնակցել է Մադրիդյան սկզբունքների մշակմանն՝ ընդգծելով, որ Հայաստանի շահերից բխող բոլոր դրույթները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, հանրաքվեի անցկացմանը, անվտանգության խնդիրներին և Հայաստանի հետ ցամաքային միջանցքին հայկական կողմի ջանքերով ամրագրվել էին փաստաթղթում։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին վերոնշյալ սկզբունքները, և Ադրբեջանը համաձայնել էր բանակցել դրանց հիման վրա։ Այսպիսով, Բաքուն, փաստորեն, ընդունել էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէ, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը հանրաքվեի միջոցով։

Օսկանյանը հայտարարել է, որ իր համար դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը՝ կապված Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության հետ։

«Այս տրամաբանությամբ, կոչ անելով Ադրբեջանին ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը, փաստորեն, ճանաչում է Հայաստանը կամ նրա որոշ տարածքներ որպես Ադրբեջանի մաս»,- պարզաբանել է Օսկանյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին խորհրդարանում հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքները խոչընդոտեցին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը։ Ըստ վարչապետի, մինչև 2007 թվականը Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ 2007 թվականին ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման մեխանիզմները պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ։ Սրանով, ըստ վարչապետի, կորցվեց Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը։