Բավ է պառակտվել
22-02-2022 11:29

Մակրոնը դատապարտում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հետևել է Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի ավելի քան երեք ժամ տևած նեղ կազմով նիստին։

«Հանրապետության նախագահը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության նախագահի որոշումը՝ ճանաչելու Արևելյան Ուկրաինայի անջատողական շրջանները»,- ասվում է կոմյունիկեում։ «Մակրոնը կոչ է արել շտապ նիստ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև կիրառել նպատակային եվրոպական պատժամիջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում։։

Ելիսեյան պալատը Ռուսաստանի որոշումը գնահատել է որպես «Ռուսաստանի միջազգային պարտավորությունների միակողմանի խախտում և Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն»։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին։ Դրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։