Բավ է պառակտվել
25-06-2021 13:33

Մակրոնը նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Փաշինյանի մամուլի ծառայությունը:

«Հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ Ձեր շարունակվող պաշտոնավարմանն՝ ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի: Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են բացառիկ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև պատմական առնչությունների վրա և սնուցվում են մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև առանձնաշնորհյալ երկխոսությամբ», - ասվում է ուղերձում։

Նշվում է, որ Մակրոնը ուրախ կլինի շարունակել ավելի վաղ սկսված աշխատանքը:

«Հայ ժողովուրդը ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման իր հաստատակամության մեջ կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար սատարմանը: Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել։ Վճռական լինելով շարունակել խոցելի բնակչություններին մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը` Ֆրանսիան միաբան է Ձեր երկրի հետ՝ օգնելու հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման պայմաններում», - ասվում է շնորհավորական ուղերձում։

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման որոնման հարցում:

«Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատումը, ինչպես նաև խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության և բարեկամության մեր ընդհանուր արժեքներն», - ասվում է հաղորդագրության մեջ: