Բավ է պառակտվել
10-09-2020 17:32

Մակունցը չի մեկնաբանում ՝ ի՞նչու է մանդատը վայր դնում Ջուլֆալակյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն խորհրդարանում հայտարարեց, որ լրագրողներին հարցազրույց չի տալու, հետևաբար՝ չի մեկնաբանելու «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը։
«Երբ մեկնաբանության անհրաժեշտություն լինի, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- ասաց Մակունցը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել էր, որ դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար: «Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,- գրել էր Ա. Ջուլֆալակյանը։
Հարցին՝ Արսեն Ջուլֆալակյանի հետ խնդիրներ եղե՞լ են, և արդյոք «Իմ քայլում» Կառավարության ներկայացուցիչների հետ կապված խնդիրներ կա՞ն, Լիլիթ Մակունցը կրկնեց, որ որևէ ավել մեկնաբանություն չի տալիս։
«Պարոն Ջուլֆալակյանն ինչպես նպատակահարմար է գտել, այնպես էլ իրազեկել է իր մանդատը վայր դնելու որոշումը, մնացյալի հետ կապված հավելյալ մեկնաբանությունների դեպքում ձեզ անպայման կտեղեկացնենք»։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել:
Դրանում մասնավորապես ասված է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 

 

Արմինե Գևորգյան