Բավ է պառակտվել
15-01-2020 17:03

«Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել»․Լիլիթ Մակունց

Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում՝ հանրային կերպով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի դստեր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան հեռահար բանավեճին։

Ինչ վերաբերում է նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, թե կարեւոր տեղեկություններ ունի փոխանցելու, Մակունցն ասաց, որ այդ առումով պետք է պարզաբանում պահանջեն կամ պետկան մարմինները, կամ հենց պարոն Վանեցյանը տրամադրի այդ տեղեկությունները:
«Այստեղ ես ասելիք չունեմ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ Վանեցյանի պաշտոնանկության պատճառը հեղաշրջման փորձ կատարելն է եղել, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Ես չեմ կարող մեկնաբանել որևէ բան, որի հետ կապված ամբողջական տեղեկատվություն չունեմ։ Փաստացի, նման արձագանք կարող են տալ միայն պետկան մարմինները»:
Մակունցը նաև անդրադարձավ Իմ քայլի երկու պատգամավորների հեռահար բանավեճին ևս։ Նա ասաց, որ զրուցել է Սոֆյա Հովսեփյանի հետ և հայտնել է իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտություններն անընդունելի էին։
Հիշեցնենք,որ Մարալիկի ծննդատան փակման թեմայով նրանք ՖԲ սոցիալական ցանցում վիճել էին, ու ի պատասխան քննադատություններին Սարուխանյանը Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել. «Ամուսնացի՛ր, կանցնի»։

«Պարոն Սարուխանյանն արդեն հրապարակային ներողություն խնդրել է, և մնացյալ հարցերը խմբակցության ներքին կարգապահական հարցերն են, որոնք լուծում ստացել են կուսակցության ներսում։ Մենք խոսել ենք պարոն Սարուխանյանի հետ», - ասաց Lիլիթ Մակունցը։
Վերջինիս խոսքով այսօր, ավելի քան երբևէ, Էթիկայի մշտական հանձնաժողով ունենալը առաջնային է դարձել:
«Շատ հաճախ առնչվում ենք այնպիսի դեպքերի հետ, որոնք կարող են դիտարկվել որպես քաղաքական հետապնդում, եւ եղել են դեպքեր, որ հրաժարվել ենք սկսել նմանատիպ գործընթացներ: Դրա պատճառը եղել է այն, որ նմանատիպ գործընթացները չմեկնաբանվեն որպես քաղաքական հետապնդում կամ կողմնակալ վերաբերմունք»,-ասաց Մակունցը:
Նրա պնդմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել, եթե անգամ դա պահանջում է Սահմանադրական փոփոխություն: