Բավ է պառակտվել
20-04-2019 17:53

Մարուքյանի համար Սանասարյանին առաջադրված մեղադրանքը շոկային էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից կայացված որոշումը՝ ՀՀ պետական պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

Հիշեցնենք,որ Դավիթ Սանասարյանին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք առաջադրեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով:

«Կոռուպցիայի դեմ պայքարում յուրայիններ չկան: Ես բացառում եմ նաև, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,֊ասում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը,բացառելով, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է մեկը գործ սարքել:

«Իմ քայլի» ներկայացուցիչը կարծում է, որ բոլոր հարցերին պետք է պատասխանի քննությունը:

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն իր համար շոկային էր:

«Իսկապես անակնկալ էր: Երբ նախկին ռեժիմի ներկայացուցիչ է բռնվում, ինչ-որ առումով սպասելի է, բայց երբ նոր իշխանության ներկայացուցիչն է մեղադրվում կոռուպցիայի մեջ՝ ցավալի է: Սպասենք քննությունն ընթանա, տեսնենք»:

Մարուքյանն ասում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանը ավելի քան համոզված է, որ Դավիթ Սանասարյանը կանխամտածված կամ չարամտությամբ չէր կարող վնաս պատճառել:

Ի դեպ, Սանասարյանին մեղադրանք առաջադրելը թեժ քննարկումների առիթ է դարձել լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում: Գնահատականների ու մեկնաբանությունների պակաս չկա: Հանրային գործիչների մի մեծ հատված կասկածի տակ է դնում Սանասարյանի առնչությունը կոռուպցիոն գործարքներին և անուղղակիորեն կասկածի սլաքներն ուղղում ԱԱԾ-ի ուղղությամբ:

Օրինակ Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը ՖԲ ֊իր էջում էջում գրառում էր կատարել․«Կա՛մ Դավիթի մեղքը ապացուցում եք օբյեկտիվ, լրիվ, համակողմանի քննությամբ, կա՛մ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս։ Ուրիշ տարբերակ չկա»։

Քիչ չեն նաև գնահատականները, ըստ որոնց՝ ԱԱԾ-ին քննադատելը տեղին չէ: Այդպես է կարծում նաև Էդմոն Մարուքյանը:

«Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում էին ԱԱԾ պետին, Facebook-ում, այսպես ասած, քարոզարշավ կար այդպիսի։ Զարմանալի էր, որովհետև ԱԱԾ-ի ղեկավարը Հայաստանում այս Սահմանադրությամբ, որը մենք չենք փոխում, այն կառավարողը վարչապետն է։ Այսինքն՝ այդտեղ երկերեսանիության հարց կա, որ սխալ տեղ են ուղղում պահանջները»:

Ի դեպ երբ ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Դավիթ Սանասարյանին, նա ՖԲ ֊ում հանդես եկավ հայտարությամբ․ «պղտոր ջրում ձուկ բռնողների մեծ բանակ կա։ Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»։

 

Հեղինակ՝ Արմինե Գևորգյան