«Ազգային առաջընթաց» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու, Հայաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է ավագանու ընդդիմությանը քվեարկել իր օգտին՝ առանց կոալիցիա կազմելու և նախապայմանների։
«Հայաստանի իշխանությունները պարտություն կրեցին։ Ավագանին ունի 65 մանդատ, և դրանք բաշխված են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ, այսպիսով, իշխանություններն ունեն ընդամենը 24 մանդատ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարությանը։
Քանի որ այս չորս ընդդիմադիր ուժերն իրար հետ ունեն քաղաքական և գաղափարական լուրջ տարաձայնություններ՝ Մարությանն առաջարկում է իրեն առաջադրել քաղաքապետի թեկնածու։ Նա կոչ է արել մնացած ընդդիմադիր ուժերին, առանց կոալիցիա կազմելու, սովորական ու ստվերային պայմանավորվածությունների ու նախապայմանների, քվեարկել իր օգտին՝ որպես ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժի ներկայացուցչի։
«Այսպիսով, Քաղաքացիական պայմանագիրը կզրկվի իշխանությունից»,- ասաց Մարությանը։
Երկրորդ տարբերակով Մարությանն առաջարկում է գնալ նոր ընտրությունների։
«Ինչպես ենք դա անում. շատ պարզ: Քանի որ Երևանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ապա առաջին նիստը, որ պետք է հրավիրվի և դրա համար պետք է քվորում, կարող է չհրավիրվել: Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Այսինքն եթե ընդդիմությունն ուզենա, այնպես կարող է կազմակերպել, որ քվորում չլինի, նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի և գնանք նոր ընտրությունների»,- ասել է Մարությանը։
Սեպտեմբերի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ավագանի մտնելու նվազագույն շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ․ «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան)` 9,68%, «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան)՝ 32, 57%, «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության)՝ 18,89%, «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան)՝ 11,32% և «Մայր Հայաստան» դաշինք՝ ( Անդրանիկ Թևանյան)՝ 15,43%։
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել 475 ընտրատեղամասում։ Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի սեպտեմբերի 24-ին։
Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրում է քաղաքապետին 5 տարի ժամկետով։ Գործող ավագանին իր աշխատանքները սկսել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին։