Բավ է պառակտվել
26-05-2020 14:58

"Դիմակահանդես" պատգամավորների մասնակցությամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասում է, որ Ազգային ժողովում դիմակներ կրելու պարտադրման կարգը պայմանավորված է աճող վիճակագրությամբ և հետազոտությունների արդյունքներով։
«Թվերի առկայությունը խոսում է այն մասին, որ անկախ նրանից՝ մենք մեզ համարում ենք վարակակիր թե ոչ, դրա մասին իրականում իմանալ չենք կարող՝ հարկ է միջոցներ ձեռնարկել, որ հնարավորինս կանխենք։ Իսկ քանի որ առողջապահության նախարարության և պարետատան տվյալներով՝ դիմակները կատարում են կանխարգելիչ գործառույթ, ուրեմն պիտի ինքներս այդ պատասխանատվությունը ստանձնենք ու թույլ չտանք համավարակի տարածումը»,- նշեց Մակունցը։

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նստաշրջանի օրակարգի վերաբերյալ իր ելույթում դժգոհեց, որ ընդդիմադիր Գևորգ Պետրոսյանին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց նախազգուշացում դիմակ չկրելու համար։
«Երկակի ստանդարտների էս փորձը ինչի՞ց ա գալիս։ Երբ հարձակվում են բռունցքներով պատգամավորի վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դուրս չեք հրավիրել 1 օրով, 7 օրով։ Դրանից հետո էլ, երբ վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, դուք ծափահարել եք, չէ՞, պարոն Միրզոյան։ ԱԺ նախագահը գոնե ինչ-որ իրավիճակներում պետք է մնա կամ գոնե պետք է երևա անաչառ»,- նշեց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

Ի դեպ ընդդիմությունը քննադատեց նաև, որ COVID-19-ի պայքարում իշխանությունը ձախողվել է։ Մասնավորապես ԼՀԿ ղեկավարը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հանդես գա որպես COVID-19-ի համազեկուցող, պետք է նայի տեսնի՝ 47 անդամ-պետություններում մարդու իրավունքները ոնց են խախտվել կորոնավիրուսի ժամանակաշրջանում։
«Պարոն Վարդանյանը ձայն չի հանում, որ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվել, և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը։ Հետևաբար, դուք ինչպե՞ս եք օբյեկտիվ զեկուցող հանդես գալու»,- նշեց Մարուքյանը։

Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը այս պայմաններում, երբ օրական մի քանի հարյուր նոր դեպք են գրանցվում, մի քանի մահ, կռվում է դիմակ դնելու պահանջի դեմ։
«Էս մարդը եկել կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ես նաև սպասում եմ, որ վաղը պարոն Մարուքյանը գնալու է ասուլիս տա ու ասի, որ, այ, դիմակ չկրելը օգտագործում են, որ լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համավարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,- նշեց Ռուբինյանը։

Լիլիթ Մակունցն էլ անդրադառնալով ընդդիմության դիրքորշմանը, ասաց որ վաղ է այդ մասին խոսել։
«Այս պահին խոսել ձախողումների և հաջողությունների մասին, կարծում եմ՝ տեղին չէ։ Մեր խնդիրն է նվազեցնել վարակի թվերը։ Կարծում եմ, նմանատիպ հարցերում չպետք է լինի որևէ տարանջատում իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Բոլորիս գերագույն նպատակը պետք է լինի, որ բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց քաղաքական օրակարգից, այս հարցում հաջողեն»,- հավելեց խմբակցության ղեկավարը։

 

 

Արմինե Գևորգյան