Բավ է պառակտվել
12-06-2014 19:31

Վարչապետն ու Քեթրին Լիչը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համապատասխան անհրաժեշտ է զարգացնել նաև տնտեսական համագործակցությունը: Առկա է չիրացված մեծ ներուժ, ապրանքաշրջանառության ծավալները փոքր են, և ՀՀ կառավարությունը պատրաստ է իրագործել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության հետագա ընդլայնման հնարավոր ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ներդրումների ներգրավումն առաջնահերթություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Այդ նպատակով նոր կառավարությունը հավասար պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար, ովքեր կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում: Արծարծվել են հանքարդյունաբերության, ճանապարհաշինական և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կապերի աշխուժացման առումով կարևորվել է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթի վերսկսումը, հատկապես, հաշվի առնելով Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը:
Երկրի վարչապետը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է եղել նաև «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2011 թվականին: Այն նպատակ ունի քաղաքացիական հասարակության ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության և վստահելիության մակարդակը: