Բավ է պառակտվել
22-09-2020 18:54

Մեգաստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին․Աշոտյանը Փաշինյանին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ ընդդիմությունը միավորվելու է, բայց դա չի լինելու արհեստական միավորում։

«Այդ միավորումը լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն մեր կողմից առաջ քաշած «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև լինելու է երկրորդ կարգախոսը. «Հայաստանը Նիկոլից հետո»:

Նրա խոսքով` իշխանություն վերցնելը մի «այիբ» է, իշխանությունից զրկվել` երկու։

«Նիկոլ Փաշինյանի օրինակով մենք տեսնում ենք, որ նա իշխանությունը վերցրեց, բայց այդ մեքենան վարել չի կարողանում։ Նիկոլի դեպքում կառավարելը 2–րդ «այիբն է»»,-վստահ է ՀՀԿ փոխնախագահը։

Իսկ արդյո՞ք  ՀՀԿն կմասնակցի այդ  հանրահավաքին  Աշոտյանը նշեց, որ  ՀՀԿ-ն աշխատանքային հարաբերություններ է պահպանել, ստեղծել եւ զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր դերակատարների հետ:

«Այդ հարաբերությունները աշխատանքային են, այդ հարաբերությունները թույլ են տալիս ենթադրել, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը՝ տարբեր քաղաքական ուժերի հետ»։

Ի՞նչ առնչություններ կամ մասնակցություններ կունենա ՀՀԿ-ն այդ հավաքին, Աշոտյանը ասաց, որ  կուսակցությունում դեռ չեն որոշել: Վերջինս  վստահ է, որ առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության, Հայաստանում դժվար է լինելու պատկերացնել մի գործընթաց, որը կբերի քաղաքական փոփոխության։  «Եթե որեւէ մեկի մոտ կստացվի՝ առանց ՀՀԿ-ի, ես պարզապես կարող եմ ոտքի կանգնել եւ ծափահարել իրենց»:

Արմեն Աշոտյանը նաեւ շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում հանրային մեծ դժգոհությունների պատճառ դարձած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Ինչքան երկար Նիկոլ Փաշինյանն իր թեւերը փռի իր կառավարության ձախողված կադրերի վրա, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք փաթեթով կգնան»:

Անդրադառնալով  Անկախության օրը ՀՀ վարչապետի ներկայացրած մինչև 2050թ.–ի տեսլականը, ասաց, որ  այդ տեսլականին  «ոչ ոք չհավատաց, և այն ծիծաղի առարկա դարձավ։

«Եթե նա կարճաժամկետ նպատակներ չի կարողանում կյանքի կոչել, ինչպե՞ս է կյանքի կոչելու երկարաժամկետները։ Մեգաստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին: Նիկոլ Փաշինյանը հանրային ընկալման մեջ այն մարդը չէ, որ ստեղծել է տպավորություն, թե ունի բավարար գիտելիքներ, որ կարողանա տալ երկրի տեսլական, որևէ մեկը այդ թեզերը լուրջ ընդունել չի կարող»,–կարծում է Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը այն կարծիքին է, որ Հայաստանին պետք է տեսլական եւ դա Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, ու այդ էր պատճառը, որ մտավ այդ դաշտ, բայց տեսլականը բանաձեւելու համար, ըստ  ՀՀԿ փոխնախագահի  պետք է ունենալ գիտելիքների բավարար պաշար եւ ռազմավարական մտածողություն:

 

 

Արմինե Գեւորգյան