Բավ է պառակտվել
18-11-2022 20:18

ՄԱԿ-ի մեխանիզմները չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից․ ԱԳՆ

ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, մասնավորապես՝ ինքնիշխան իրավահավասարությունը, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանում։

«Վերջինիս առաջին զոհերից էր Հայաստանը, որի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում»,- ասել է նա։

Միզրոյանի խոսքով, չպետք է նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը։

Արտգործնախարարը նշել է, որ լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, և չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ «Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և Հայաստանի դեմ և առաջ քաշել անհիմն. տարածքային պահանջներ»։

«Այս առումով մենք ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը և պահանջել ադրբեջանական ուժերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասել է նա։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը, և շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։