Բավ է պառակտվել
08-10-2018 20:18

Արտահերթ ընտրությունները կկայանա՛ն դեկտեմբերին․ Ծառուկյանը հուշագիր է ստորագրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության շենքում հանդիպել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակին առընչվող խնդիրները և արդյունքում ստորագրել են հուշագիր ընթացիկ տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Համաձայն փաստաթղթի, խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով Փաշինյանի հրաժարականի դեպքում “Ծառուկյան” դաշինքը պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածու և չսատարել առաջադրված որևէ այլ թեկնածուի։ Բացի այդ, խմբակցության անդամները չեն մասնակցի խորհրդարանի պատգամավորների 1/3-ի կողմից այլ թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը։

“Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պայմանների պահպանմամբ», - ասվում է հուշագրում:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդման, Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցության խորացման, արտասահմանյան ներդրումների իրականացմանը նպաստելու և խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումների անցկացման ուղղությամբ։

Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ ԲՀԿ առաջնորդի վերջին հարցազրույցն իրեն թույլ է տվել հասկանալ, որ նրանք քննարկելու նյութ ունեն։ Ըստ վարչապետի՝ ստորագրված հուշագիրը կօգնի հաղթահարել քաղաքական ճգնաժամը համաձայն ժողովրդի ցանկության և առանց ցնցումների։ Փաստաթուղթը ստորագրելիս Ծառուկյանը նշել է, որ անում է դա “հանուն երկրի և ժողովրդի”։

ԲՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ առաջին օրերից սատարել է հեղափոխական շարժմանը։ “Ոչ ոք չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ, բայց մենք մեր թիմով այդ պահից կանգնեցինք ձեր կողքին։ Ես ասացի՝ եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ընտրյալն է, ապա մենք սատարում ենք նրան”։ Ծառուկյանը նշել է, որ ցանկացած հակահեղափոխական քայլ կանխելու և երկրում հանգիստությունն ու առաջընթացը ապահովելու նպատակով պատրաստ է աջակցել դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների անցկացմանը։ “ Ես միշտ եղել եմ և կլինեմ քեզ հետ”,- դիմելով կառավարության ղեկավարին ընդգծել է Ծառուկյանը։

Փաշինյանն իր հերթին ասել է, որ “ կա բարիկադներ կառուցելու ժամանակը, և կա այդ բարիկադները ապամոնտաժելու ժամանակը։ Ցավոք, Հայաստանում կան ուժեր, որոնք դեռևս սթափ չեն գնահատում քաղաքական իրավիճակը և անում են ամեն հնարավորը ներքաղաքական իրավիճակը սրելու համար։ Սակայն նման զարգացումն անհնար է երկրում, որտեղ կառավարությունը վայելում է քաղաքացիների ավելի քան 90%-ի վստահությունը”,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ “Կենտրոն” հեռուսաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ ԲՀԿ ղեկավարը հավաստիացրել է, որ իր կուսակցությունը մտադիր չէ խոչընդոտել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը։ “Պարոն վարչապետն ասել է, և մենք պատրաստ ենք քննարկումների, մենք էլ ենք պատրաստ։ Մենք ասել ենք, որ մենք ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք քննարկումների․․․Եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում”- ասել է Ծառուկյանը։ Նա տեղեկացրել է, որ հանդիպումներ է նախաձեռնել բոլոր այն արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հարցազրույց է տվել «Ծառուկյան դաշինք» խմբակցության և ՀՅԴաշնակցության՝ ՀՀԿ-ի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի վիճահարույց օրինագծին կողմ քվեարկելուց երկու օր անց։ Քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 2-ին ՀՀԿ կողմից հրավիրված արտահերթ նիստին, ինչն արժանացել է հասարակության կտրուկ արձագանքին։ Համաձայն ընդունված փոփոխությունների, եթե խորհրդարանի նիստը չի կարող կայանալ քվորումի բացակայության կամ այլ խոչընդոտող հանգամանքների պատճառով՝ այն կարող է ընդհատվել և շարունակվել ավելի ուշ։ Օրինագծի հակառակորդների կարծիքով դա թույլ կտա խուսափել խորհրդարանի արձակումից․պատգամավորները կարող են ձգձգել նիստը և կանխել այն իրավիճակը, որն, ըստ օրենքի, թույլ է տալիս արտահերթ ընտրություններ անցկացնել։ Փաշինյանն օրինագիծը անվանել է դավադրություն հայ ժողովրդի դեմ, որի նպատակը հակահեղափոխություն իրականացնելն է։ Անմիջապես հանրահավաքի ժամանակ վարչապետն ստորագրել է ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների անդամ նախարարներին պաշտոններից ազատելու հրամանագրերը։

Նիկոլ Փաշինյանի կոչից հետո հաշված րոպեների ընթացքում խորհրդարանի շենքի մոտ տասնյակ հազարավոր մարդ է հավաքվել։ Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի և խորհրդարնական ուժերի ներկայացուցիչների հետ վարչապետի բանակցությունների ընթացքում օրենսդիր մարմնի շենքը մի քանի ժամ պաշարված է մնացել։