Բավ է պառակտվել
23-10-2019 17:01

Ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։ Արա Բաբլոյան


ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը։
Խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Բաբլոյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ Որևէ կասկածանք չունեմ, միակ կասկածանքս, որ կա, ավելի ճիշտ՝ վստահ եմ․ ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության։ Այդ հարցում հստակ կա մեղադրանք։ Եթե որոշեն դա քննել, ապա կհաստատեմ»։
Բաբլոյանը նշեց,որ եթե մեղավոր լինի,ապա պատրաստ է պատիժը կրելու։
«Բայց ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինչ որ անում եմ, անում եմ օրենքով, մանավանդ պաշտոնի ժամանակ»:
Հարցին արդյո՞ք սա համարում է քաղաքական հետապնդում՝ Բաբլոյանը նշեց․ «Ես ավելի բարձր եմ համարում ինձ այդ ամեն ինչից»:
Բաբլոյանը ասաց, որ մի քիչ նեղված է իրավապահներից, քանի որ իրեն հարցաքննելը հրատապ չէր, սակայն իրեն տարել են հարցաքննության վիրահատության ընթացքում։ Իսկ այդ վիրահատությանը, ըստ Բաբլոյանի, նա պատրաստվել էր 20 տարի։ Նա հայտնեց նաև, որ հարցաքննությունից հետո վերադարձել ու մասնակցել է վիրահատության ընթացքին։
«Քննիչներն ինձ ասացին` անհապաղ պետք է քննչական մարմին ներկայանամ։ Ես էլ չուզեցի, որ հասարակությունը կարծի` խուսափում եմ, դրա համար էլ կիսատ թողեցի վիրահատությունն ու գնացի նրանց հետ»,–ասաց նա։
Ի դեպ, խոսքը վերաբերում է Արաբկիր Բ/Կ կատարած բացառիկ վիրահատությանը։ Առաջին անգամ Հայաստանում երեխայի լյարդի փոխպատվաստում էին արել, կենդանի դոնորից։

 

Արմինե Գևորգյան