Բավ է պառակտվել
17-03-2023 18:39

Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց։ Նա նշեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ–ի թեկնածուն փոխքաղաքապետն է

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուրբաթ հայտարարեց իր հրաժարականի մասին։

«2021 թվականի վերջին ստանձնեցի բարեփոխումների ծրագրերի իրականացման պատասխանատվությունը, դրա համար անհրաժեշտ էր երկու բաղադրիչ, որոնք չկային։ Նախ՝ կառավարության և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցությունը, որը որպես այդպիսին խաթարվել է։ Երկրորդը «Իմ քայլը» կուսակցության ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին։ Հիմա, երբ մոտենում են ավագանու ընտրությունները, և կառավարություն-քաղաքապետարան փոխգործակցությունը բավականին լավ է, և որևէ խոչընդոտ չկա, ես ուզում եմ հայտարարել իմ հրաժարականի մասին»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու արտահերթ նիստի ժամանակ։

Նա նշեց, որ շարունակելու է քաղաքական թիմի մաս կազմել և աշխատել պետության հզորացման ուղղությամբ։

Սարգսյանը հիշեցրեց նաև, որ ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և հույս հայտնեց, որ այդ քաղաքական ուժը կարժանանա երևանցիների վստահությանը։

Ավինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սարգսյանին քաղաքապետի պաշտոնում կատարած աշխատանքի համար։ «Դուք այն քիչ մարդկանցից եք, ում հետ աշխատել եմ, ում հետ որոշակի խնդիրների համակարգային լուծումների մասին պատկերացումները առավելագույնս նման էին»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից «Նովոստի–Արմենիա»–ին հաստատեցին, որ մինչև ավագանու նոր ընտրությունները քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ մայրաքաղաքի ավագանու գաղտնի քվեարկությամբ։ Նույն քվեարկությամբ այս պաշտոնից ազատվել է նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանը։ Սարգսյանն, ով նախկինում զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը, այդ պաշտոնի միակ թեկնածուն էր։