Բավ է պառակտվել
04-12-2019 14:46

Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չէ․Ծառուկյանը Մարությանին

Ազգային ժողովի թե նիստերի դահլիճում, թե դահլիճից այսօր դարձյալ ամենաշատ քննարկվող թեման «շեյխեր- Մարության հանդիպումն էր» ։

ԲՀԿ առաջնորդը պատասխանեց Հայկ Մարությանին, ասաց որ ինչ ասել է ճիշտ է ասել ու ներկայացրել է իրականությունը։
«Հարգելի քաղաքապետին ուզում եմ ասել, որ ինքը մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չէ։ Ինքը թող հիշի քարոզարշավի ժամանակ երևանցիներին տրված խոստումները և աշխատի դրանք կատարել: Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ խոսում է իրականապես։ Քաղաքապետն ինքը չի տիրապետում իրավիճակին», – հավաստիացրեց նա ու լրագրողներին ներկայացրեց Երևանի քաղաքապետի ստորագրությամբ Աբովյան փողոցում «Կեմպինսկի» հյուրանոցի շինթույլտվության փաստաթուղթը:
Հիշեցնենք՝ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը Երևանի քաղաքապետի հետ կես ժամ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են։ Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ վերջիններս ներկայացել էին հանդիպման ջինսերով, չնայած որ իրենց դիմավորելեն պաշտոնական սրահում, և ընթացքում անընդհատ պատասխանել են հեռախոսազանգերի։
«Եթե ինքն այս ամբողջ պատմության մեջ որևէ բան սխալ է ասել, որը կարող են ապացուցել քաղաքային իշխանությունները, ապա պատրաստ է ներողություն խնդրել, բայց եթե սուտ են խոսում քաղաքային իշխանությունները, վերջիններս պետք է հրապարակային ներողություն խնդրեն։
Այս թեման այսքանով չավարտվեց, նիստերի դահլիճում քննարկվում էր շրջիկ սրճարանների հարցը ու պարզվեց, որ ոլորտում լիազորություններ են տրվելու Երևանի քաղաքապետին ու ավագանուն։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց Հայկ Մարությանի և Էմիրությունների ներկայացուցիչների հանդիպման աղմկոտ պատմությունն ու ասաց, որ չի կարելի նման լծակներ տալ Մարությանին։
«Հիմա ստացվում է, որ Երևանը ինվեստորներին հյուրընկալելու տեսանկյունից ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր եկել, ժողովրդի համար 2 միլիարդ [դոլարի ներդրում] բերել ու ձրի հիվանդանոց, թե՞ թագավորի մյուս որդին։ Ես էստեղ մտահոգություններ ունեմ և զուգահեռներ եմ տանում։ Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակություններին և այդ իմաստով կառավարման հնարավորություններին», – ասաց Ուրիխանյանը։
Մինչ պատգամավորը քննադատում էր քաղաքապետին, մի քանի անգամ հնչեց ելույթի ժամանակի ավարտն ազդարարող զանգը:
«Գրավե՞լ եք ամբիոնը: Կոչնակը նրա համար ա հնչում, որ ժամային սահմանափակումը հաշվի առնենք: Չեմ հասկանում Ձեր պատկերացրած քաղաքապետը նստո՞ւմ ա հանդիպմանը ու անընդհատ դիմացինը խոսում ա հեռախոսով, հետո գնում գալի՞ս ա», - ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ուրիխանյանն էլ արձագանքեց, որ իր իրավունքն է ԱԺ ամբիոնից խոսել իրեն հուզող հարցերի մասին:
«Իմ իրավունք էլ սա է, ես էլ իմ իրավունք եմ իրացնում», - արձագանքեց Միրզոյանը:

 

Արմինե Գևորգյան