Բավ է պառակտվել
20-10-2016 09:18

Մերկելը, Պուտինն ու Օլանդը քննարկել են Սիրիայի ճգնաժամը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը, հատուկ ուշադրություն է դարձվել Հալեպի իրավիճակին: 

Հանդիպումից հետո Մերկելը հայտարարել է, որ բանակցությունները «կոշտ էին եւ դժվարին»: Նրա խոսքով՝ խաղաղ սիրիացիներին ահաբեկիչներից տարանջատելու համար Մոսկվան եւ Դոնբասը պետք է դադարեցնեն ռմբակոծությունները, որոնք կանցլերն «անմարդկային» է կոչել:

«Մենք (Մերկելն ու Օլանդը - խմբ.) հստակ մատնանշեցինք, որ Ռուսաստանը մեծ պատասխանատվություն է կրում, պատասխանատվություն, որը դուրս է գալիս... այսօրվա սահմաններից»,- ասել է Մերկելը: Կանցլերը նաեւ պահանջել է, որպեսզի Մոսկվան ճնշում գործադրի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա խաղաղ սիրիացիների անվտանգության հարցում:

Ֆրանսիայի նախագահն ավելի կոշտ է արտահայտվել՝ Հալեպում տեղի ունեցող իրադարձություններն «իսկական ռազմական հանցագործություն» կոչելով:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել հրադադարի ռեժիմը, եթե Հալեպի շրջանում տիրող իրավիճակը դա թույլ տա: «Հույս ունենք, որ մեր գործընկերները, առաջին հերթին՝ ամերիկացիները, կանեն այն ամենը, ինչ մինչեւ հիմա խոստացել են, «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին եւ նրա նման խմբավորումներին ընդդիմության առողջ հատվածից տարանջատելու համար, որպեսզի մեզ համար հասկանալի լինի, թե ինչպես կարող ենք շարունակել համատեղ աշխատանքը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով քաղաքական գործընթացն ակտիվացնելը: