Բավ է պառակտվել
06-12-2021 19:10

Տեղական ընտրություններ Հայաստանում․ իշխող կուսակցությունը պարտվեց համայնքների մեկ երրորդում

Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախօրեին հանրապետության 9 մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

2021թ. դեկտեմբերի 5-ին կայացան Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 խոշորացված համայնքների համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Արագածոտնի երկու համայնքում՝ Արևուտում և Մեծաձորում անցկացվեցին նաև մեծամասնական ընտրակարգով (համայնքի ղեկավարի և ավագանու անդամների) ընտրություններ։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 44,20%: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները հաղթել են 36 համայնքներից 24-ում՝ Թալինում (Արագածոտնի մարզ), Արարատում, Արտաշատում (Արարատ), Արաքսում, Արմավիրում, Բաղրամյանում, Խոյում, Մեծամորում, Վաղարշապատում (Արմավիր), Մարտունիում, Վարդենիսում (Գեղարքունիք), Սպիտակում, Փամբակում (Լոռի), Գառնիում, Ծաղկաձորում, Հրազդանում (Կոտայք), Ախուրյանում, Ամասիայում, Աշոցքում, Արթիկում (Շիրակ), Ջերմուկում, Վայքում (Վայոց ձոր) և Նոյեմբերյանում (Տավուշ): Մնացած համայնքներում հաղթող թեկնածուների և կուսակցությունների / դաշինքների բաշխվածությունը հետևյալն է․ Ապարան (Արագածոտն)՝ «Կարեն Եղիազարյան», Մասիս (Արարատ)՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինք, Վեդի (Արմավիր)՝ «Իմ հզոր. Համայնք», Փարաքար (Արմավիր)՝ «Ապրելու երկիր» կուսակցություն, Գավառ (Գեղարքունիք)՝ «Գուրգեն Մարտիրոսյան», Սևան (Գեղարքունիք)՝ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք, Թումանյան (Լոռի)՝ «Հանրապետություն» կուսակցություն, Վանաձոր (Լոռի)՝ «Մամիկոն Ասլանյան», Աբովյան (Կոտայք)՝ «Բարգավաճ Հայաստան», Նաիրի (Կոտայք)՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատներ, Նոր Հաճն (Կոտայք)՝ «Գագիկ Մաթևոսյան», Եղեգնաձոր (Վայոց ձոր)՝ «Դավիթ Հարությունյան»։

Ինչ վերաբերում է Արագածոտնի երկու համայնքների մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, ապա Արևուտում ամենաշատ ձայները ստացել է Էդիկ Օսեյանը, Մեծաձորում՝ անկուսակցական Մրազ Միրոյանը։ Երկուսն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրված։

Ընտրությունների հաջորդ առավոտյան Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՏԻՄ ընտրությունների որակը։ «Համոզված եմ, որ ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։