Բավ է պառակտվել
27-07-2021 09:26

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը․ ԶԼՄ

Նոր խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր ուժին կհատկացվի խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ զբաղեցրել է ԲՀԿ-ն, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյանկը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը: Այս մասին երեքշաբթի գրում է «Ժողովուրդ» թերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Խմբակցության ներկայացուցիչները խնդրել են ԱԺ աշխատակազմին համապատասխան տարածք տրամադրել խորհրդարանում աշխատանքի համար, ներառյալ գրասենյակները: Քանի որ «Հայաստան» դաշինքն ունի 29 մանդատ, պետք է հասկանալ՝ աշխատանքի համար հատկացված տարածքն արդյո՞ք բավարար է, հետո միայն կորոշեն, թե ով որ աշխատասենյակում պետք է: Դրանից հետո կորոշվի, թե ով որ աշխատասենյակը կզբաղեցնի:

Արծվիկ Մինասյանը թերթին հաստատել է, որ նման հանդիպում է կայացել և քննարկվել են կազմակերպչական հարցեր։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հինգշաբթի կայացած նիստում հաստատել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: 8-րդ գումարման Ազգային ժողովը բաղկացած կլինի 107 պատգամավորից: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կներկայացվի 71 պատգամավորով, ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը կստանա 29 մանդատ: Երրորդ տեղում է հայտնվել «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատով:

Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ժամը 10: 00-ին: