Բավ է պառակտվել
29-03-2022 20:55

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները վիճաբանել են խաղաղության պայմանագրի շուրջ (տեսանյութ)

Ալմաթիում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 30-ամյակին նվիրված նիստի ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա։

Ինչպես հայտնում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, Սիմոնյանը, մասնավորապես, անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժմանը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ինչը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

ԱԺ նախագահն իր գործընկերներին տեղեկացրել է, որ հետպատերազմյան հումանիտար և այլ խնդիրները դեռևս լուծված չեն՝ կարևորելով հայ ռազմագերիների և պատանդների հարցը, որոնց թիվն, ըստ Ադրբեջանի հաստատած տվյալների, 38 մարդ է։

Ի պատասխան Սիմոնյանի ելույթի՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա դրույթները։ Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին՝ եռակողմ հայտարարության համաձայն։

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի զինված ներթափանցումների և խախտումների մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանը, որն անվտանգության երաշխավորն է այս տարածքում։ «Կցանկանայի կրկնել. Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- ասել է նա։

Ի պատասխան՝ Գաֆարովան հայտարարել է, որ Բաքուն բազմիցս առաջարկել է Երևանին կնքել հաշտության պայմանագիր, հաշվի առնելով այն հինգ կետերը, որոնք Հայաստանը մերժել է։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այս հինգ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք սկսել իրականացնել այս աշխատանքը»,- ասել է Սիմոնյանը։