Բավ է պառակտվել
15-11-2018 14:13

Պատերազմի և խայտառակության միջև երբեք երկրորդը չեն ընտրում․ Վիգեն Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը նախազգուշացրել է Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների վտանգների մասին։ Այդ մասին Սարգսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

“Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) լինելու է կառուցողական և երկխոսության պատրաստ ընդդիմություն: Մեր օրակարգի առաջին և ամենակարևոր հարցը Արցախն է։ Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է։ Բայց դա միակ հարցը չէ՝ էլի են լինելու”,-գրել է Սարգսյանը։

Նա նշել է նաև, որ միայն ուժեղ բանակ, անվտանգության հզոր համակարգ ունենալով, ինչպես նաև խոհեմ արտաքին քաղաքականություն վարելով ու կայացած “Ազգ-բանակ” մոդել ունենալով հնարավոր կլինի լուծել նշված խնդիրները։

“Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի և խայտառակության միջև երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ”,- գրել է Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին հայտարարությունից հետո։ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որտեղ բնակչության 99,89% -ը կողմ է քվեարկել Ադրբեջանից լիակատար անկախությանը:

Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության կորստին:

1994 թ. մայիսի 12-ից, հակամարտության գոտում եռակողմ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց պատճառով երկու կողմից մոտ 25-30 հազար մարդ է զոհվել, իսկ մոտ 1 միլիոնը ստիպված լքել է տները:

Հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը գործում է մինչ այժմ: 1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում հակամարտության խաղաղ կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան: