Բավ է պառակտվել
17-02-2023 19:02

Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ վճռի հրապարակման օրը

Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի ս.թ փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում: Այս մասին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:
ՄԱԿ-ի դատարանում լսումների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի վրա՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։

«Արդեն մեկ հոգի մահացել է բուժօգնության բացակայության պատճառով, շատ այլ մարդիկ այդ բախտին արժանանալու ռիսկի տակ են, խանութների դարակները դատարկ են, սնունդը քարտերով է բաշխվում, կա դեղամիջոցների և բժշկական պարագաների պակաս, գազամատակարարումն ամբողջովին դադարեցվում է, էլցանցի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող և երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից հիսուն օր շարունակ։ Չնայած բոլոր խոստումներին՝ Բաքուն շարունակում է խոչընդոտել մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը այս միջանցքով»,- ասել է Կիրակոսյանը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը կարգավորելու փորձեր արվել են բազմաթիվ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։