Բավ է պառակտվել
13-04-2022 11:50

Միջազգային հանրությունը Հայաստանին կոչ է անում իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը․ Փաշինյան

Միջազգային հանրությունը Հայաստանին կոչ է անում իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, այլապես նա չի կարողանա օգնել հայկական կողմին։ Այս մասին հայտարարել է չորեքշաբթի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ասել է, որ այսօր միջազգային հանրությունը ասում է Հայաստանին՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, մեզ վրա հույս չդնեք, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ այսօր աշխարհում չկան երկրներ, որոնք գոհ են իրենց սահմաններից և համարում են դրանք արդար, բայց «պետք է ինչ-որ տեղ կանգ առնել»։

«Եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: Եւ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:»,- ասել է նա։

Վարչապետն իրեն մեղավոր է համարում, որ չի ասել ժողովրդին, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաեւ, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

«Մեղավոր եմ, որ հստակ եւ աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար եւ միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին: Եւ սա չանելն է իմ իրական մեղքն»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ «հանձնելով (տարածքներ Արցախում -խմբ.), միգուցե հազարավոր կյանքեր փրկեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ։

Փաշինյանը նշել է, որ ժամանակին մի շարք պատճառներով չի կարողացել իրեն համոզել խոսել այս մասին ժողովրդի հետ ։