Բավ է պառակտվել
28-01-2021 14:25

Մհեր Գրիգորյանը՝ հունվարի 30-ի եռակողմ հանդիպման մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հունվարի 30-ին նախատեսված հանդիպմանը: Նա ասել է, որ օրակարգում հունվարի 11-ի հայտարարությունն է:
«Ես կարծում եմ՝ օրակարգի ձևավորման համար, նախ՝ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի հայտարարության, մասնավորապես՝ չորրորդ կետի շուրջ ենք քննարկումներ անելու»,- հայտնել է Գրիգորյանը:

Նշենք, որ հունվարի 11-ին ընդունված հայտարարության 4-րդ կետը նախատեսում է, որ մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերը` ամենաբարձր մակարդակով պետք է հաստատման ներկայացնեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։ Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում ապաշրջափակումն ամբողջությամբ, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բարդ աշխատանք է շատ-շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն ու կարգավորվեն, բայց հնարավոր համարում եմ»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ բաղադրիչներ կան, այդ թվում, անվտանգության։
«Վստահ եմ՝ խնդրի լուծման համար բոլոր բաղադրիչները պետք է ենթարկվեն փորձաքննության, որ ձևավորվի համակարգ, որն, իրոք, կաշխատի», - հավելեց ՀՀ փոխվարչապետը։
Կա, թե ոչ՝ Մհեր Գրիգորյանը դժվարացավ պատասխանել, քանի դեռ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ չի հանդիպել։