Բավ է պառակտվել
21-05-2020 14:33

Մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի․ՀՀ վարչապետ

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արձանագրվել է 335 դեպ, 70 մահ », - ասաց վարչապետը, հավելելով, որ ՝ հանրության շրջանում քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս՝ նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։
«Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել, և մեր Կառավարությունը որևէ մանիպուլյատիվ ինֆորմացիա հանրությանը չի հայտնել: Իրավիճակը ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել կամ պատկերացնում ենք, և մենք պետք է խստագույն միջոցառումներ ձեռնարկենք համավարակը հսկողության տակ առնելու համար, որ ստիպված չլինենք գնալ նորից ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով,- «Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է. մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարետատունը անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի, և ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության:
«Ես երեկ նկատեցի, որ տաքսիներում ոչ հաճախորդները և ոչ էլ վարորդները դիմակ չեն կրում»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ պարետատունը դիմակ կրելու պարտադիր պահանջ է դրել հանրային տրանսպորտում:
Պետական կառավարման մարմիններում, վարչապետի խոսքով, առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ աշխատասենյակներում միայնակ են։
«Պետք է պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պետք է պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ կրելով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, խնդրելով, որ փչացած հեռախոսի մեխանիզմով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր համար կորոնավիրուսի դեմ պայքարի կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը:
Ի դեպ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտնեց, որ այսօրվա նիստից բացակայում են գործադրի անդամներից երկուսը՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Պարոն Պապիկյանը դեռևս ինքնամեկուսացման մեջ է գտնվում: Հուսով ենք` հաջորդ նիստին անպայման կմասնակցի»,- ասաց նա:
Պապիկյանը բացակայում էր նաև կառավարության նախորդ նիստից, թեև մեկ շաբաթ առաջ հայտարարվեց, որ նա թեստավորվել է ու բացասական պատասխան է ստացվել:
Կառավարության այսօրվա նիստից բացակա Զարուհի Բաթոյանը ևս շփում է ունեցել իր վարակակիր աշխատակիցներից մեկի հետ, ինչն էլ նրա ինքնամեկուսացման պատճառ է դարձել:

 

 

 

Արմինե Գևորգյան