Բավ է պառակտվել
23-10-2019 15:53

«Մենք զիլինա ենք խաղում,իսկ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի»․ Էդուարդ Շարմազանով։


ՀՀ- ի առջեւ ամենամեծ մարտահրավերը ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, անվտանգային է, պանթուրքիզմը: Այս մասին այսօր նա խոսեց լրագրողների հետ զրույցում։ Բանախոսի գնահատմամբ, սակայն, գործող իշխանությունը կամ չի գիտակցում մարտահրավերը եւ անցած ժամանակահատվածում որեւէ քայլ չի ձեռնարկվել`ՀՀ-ի անվտանգությունն ամրացնելու նպատակով:
Նա հիշեցրեց խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը`երկրի ռազմական բյուջեն շեշտակի ավելացնելու անհրաժեշտության մասին, մինչդեռ այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն քսան տոկոսով ավելանում է, իսկ ՀՀ-ինը գրեթե չի ավելանում.
«Արձանագրենք, որ այս պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը եւ ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարեւոր խնդիրներ, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»,–ասաց Շարմազանովը։
Բանախոսն անդրադարձավ նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը,համարելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան:

«Հայաստանում ստեղծված անհամարժեք իրավիճակից ելքը Շարմազանովը տեսնում է արտահերթ ընտրությունների միջոցով, որտեղ ՀՀԿ-ի վերադարձը կամ նախկինների հաղթանակը պարտադիր էլ չի համարում:
«Այլապես Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, մենք զիլինա ենք խաղում: Մի հասարակություն, որտեղ կա ատելության քարոզ` իշխանության կողմից, լուրջ մարտահրավերների առջեւ է»,–ասաց Շարմանազանովը։

 

Արմինե Գևորգյան