Բա՛վ է պառակտվել
08-05-2020 14:40

Մենք հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

  
Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի, ինչպես նաեւ զորավար Անդրանիկի շիրիմներին, Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Հանրապետության նախագահը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների անմահ հիշատակը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանը օրվա առիթով իր շնորհավորանքն է հղել բոլորին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. «Այսօր եկել եմ մեր ազատագրական պայքարի հերոսներին այցելության։ Սիմվոլիզմը շատ խորն է. ինչպես պատահեց, որ 28 տարի առաջ նույն օրը մեր ժողովուրդը կարևոր հաղթանակ տարավ, ազատագրական պայքարի կարևորագույն հաղթանակներից մեկն՝ ազատագրելով Շուշին։ Շուշիի ազատագրումը, եթե համեմատելու լինենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը։ Ուղղակի կոտրեցին պատերազմի տրամաբանությունը և ճանապարհ բացեցին դեպի հաղթանակ»։
Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի մասին՝ նախագահը հիշել է, որ 300 հազար հայորդի է իր կյանքը զոհել հանուն այդ հաղթանակի։ «Այդ 300 հազարն այսօր, ցավոք, Հայաստանում գերեզման չունեն, սակայն նրանց հիշատակը մեզ հետ է: 600 հազար հայից, որոնք մարտնչում էին ճակատամարտում, 300 հազարը՝ ուղիղ կեսը, իրենց կյանքը զոհեցին: Մեր ժողովուրդը Սովետական Միության հարյուրից ավելի հերոսներ տվեց, հինգ մարշալ... Եվ դա համաչափ չէր. փոքր ժողովուրդ՝ հինգ մարշալ, վաթսունից ավելի գեներալներ,-հիշել է նախագահը:- Բնական է, որ այդ ժողովրդին հաղթել հնարավոր չէր, որովհետև այդ ժողովուրդը հակաֆաշիստական պայքարի առաջնեկներից մեկն էր և, բնական է, որ այդ ժողովրդին հնարավոր չէր նաև ազատագրական ճակատամարտում հաղթել։
75 տարի առաջ իրենց կյանքը զոհած 300 հազար հայերից որևէ մեկի անունը չի մոռացվելու։ Ազատագրական պայքարի ողջ ընթացքում և, առանձնապես այսօր, Շուշիի ազատագրման և՛ կազմակերպիչները, և՛ ընկած հերոսները, և՛ նրանք, որ այսօր կան, անկախ նրանից, թե որտեղ են, ինչ պաշտոնի են, ինչ են անում, իրենց ընտանիքի հետ են, թե գնացել են Շուշի, նրանք բոլորը հերոսներ են։ Նման հերսությունը չի ծերանում, անվերջ է։ Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում»։

 

 

Արմինե Գևորգյան

“Այսօր մեզ անհրաժեշտ է միասնություն և կայունություն”․Հայաստանի նախագահի ուղերձը
Հայաստանի նախագահը կմասնակցի Իսպանիայում անցկացվող STARMUS փառատոնին
Նշանակվել են Հայաստանի Ոստիկանության և ԱԱԾ նոր ղեկավարներ
Հայաստանի նախագահը ստորագրել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը