Բավ է պառակտվել
09-05-2016 12:52

Մենք ինչ-որ բանից չենք վախենում. ՀՀ ԱԳՆ-ն՝ ԼՂՀ անկախության ճանաչման մասին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեկ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ: 
«Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ նորից կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, ինչ Ադրբեջանը սանձազերծել էր այն լայնածավալ ագրեսիվ գործողություններն Արցախի դեմ»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարն ասաց, թե պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ արտգործնախարարն ասաց. «Հարցն այն է, որ կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից: Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա, մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»:

Լրագրողների այն հարցին, թե խոսակցություններ կային, որ Ռուսաստանի կողմից ճնշումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը օրակարգից կամ քննարկումներից դուրս եկավ։ Նախարարը պատասխանեց , թե դա դատարկախոսություն է: