Բավ է պառակտվել
04-05-2020 15:55

Սպառնալիքի լեզուն ժխտված է, բանակցային լեզուն՝ ընդունված. Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց հնչեցրեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս արած հայտարարության վերաբերյալ, թե Արցախյան հակամարտության բանակցային սեղանին դրվա՞ծ է փուլային կարգավորման հարցը:
Նախարարը նշեց, ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխպան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է իր դիրքերը բանակցային գործընթացում։ Սակայն հարցի նման լուծում անհնար է։ Փուլային լուծում, ըստ նախարարի, հնարավոր է, սակայն դրա շրջանակում բոլոր կողմերի քայլերը պետք է համապատասխան լինեն։
«Մենք միշտ խոսել ենք, որ Արցախյան հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ մի քայլ կատարի, որը ենթադրում է զիջում և վնասում է մեր անվտանգությանը»,֊ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը հիշեցրեց իր հայտարարությունը Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ. դրանում, ըստ նրա, հստակ ամրագրված են հայկական կողմի մոտեցումները:
«Մեր դիրքերն ամուր են, ես ինձ շատ հանգիստ, շատ ամուր եմ զգում: Կա կոնսենսուս և ներքին ուժ: Կառավարության մանդատը բխում է ժողովրդի մանդատից: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ Ադրբեջանի դիրքորոշումներն ընդունելի են բոլորի համար, խորապես սխալվում է: Գործընացն իրապես բարդ է», - ասաց ԱԳ նախարարը:
Մնացականյանի խոսքով՝ կարևորագույն սկզբունքներից մեկը վերաբերում է մեր երկրի ներքին քաղաքականությանը: Մնացականյանը նշեց, որ կտրականապես մերժվել է բանակցային գործընթացում սպառնալիքի գործոնը:
«Այսինքն՝ սպառնալիքի լեզուն ժխտված է: Բանակցային լեզուն՝ ընդունված: Այդ բանակցությունների մեջ գոյություն ունեն այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսել ենք: Արցախի ժողովրդի անվտանգությունը մենք բերել ենք առաջ՝ որպես կարևորագույն խնդիր: Իսկ այն, ինչ գոյություն ունի այսօր իրականում, անվտանգային համակարգ է և պաշտպանական գծեր»,- նշեց Մնացականյանը:

 

 

Արմինե Գևորգյան