Բավ է պառակտվել
10-05-2019 15:44

Մենք ձեր կողքին ենք հանուն Հայաստանի ապագայի․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես և հայտարարել էր, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու Հայաստանի հետ կողք կողքի պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության:
«Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը»,- գրել է նա։
Այս կապակցությամբ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը:
«Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- ասվել է Ֆրանսիայի նախագահի նամակում:
Նա հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ:
1915թ․հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։
Հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։