Բավ է պառակտվել
28-12-2020 13:48

«Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում». Վազգեն Մանուկյան

Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այն, ինչ արվեց, ներել հնարավոր չի: Եվ այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է ՀՀ-ի համար»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, որի մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների:

«Ինքը դիտմամբ դաշտը նորից ուզում է բաժանի կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն: Սովորական տրյուկն է՝ հին և նոր, սև և սպիտակ, էլիտա-ժողովուրդ: Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախևառաջ ինքը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որն ինչ-որ ժամանակում՝ նախատեսված է մեկ տարի, մի քիչ գոնե ուշքի բերի երկիրը, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների՝ կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ՝ սահմանների վերաբերյալ, որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է: Մենք շարունակում ենք տալ ու տալ, նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր Կենտկոմն ու իրանց Կենտկոմը իրար հետ կռվում էին: Իսկ այստեղ առանց որևիցե բանակցությունների, առանց որևէ միջազգային իրավունքի՝ տրվում են սահմանները: Սա մինչև չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է: Ընտրությունններ՝ այս պահին կամ մեկ-երկու ամիս հետո, դա նշանակում է՝ նորից տրոհել Հայաստանը, որովհետև ընտրությունը նշանակում է՝ պայքար: Բոլոր կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել: Այս վիճակում իմա՞ստ ունի՝ մտնենք այդ պրոցեսի մեջ: Մինչև ուշքի չգանք, չի կարելի: Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա: Ես չեմ ուզում անգամ քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է, և արտահերթ ընտրություններ են լինում: Մինչև ինքը չգնա, ոչ մի ընտրություն ՀՀ-ում չի լինի: Կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի ինչ ընդհարումների ՀՀ-ի ներսում: Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու: Դա՞ է ուզում»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ սրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը: Այսինքն, ժողովուրդը պետք է հավաքվի, Փաշինյանին հեռացնի և նոր սկսի կառուցել իր նոր կյանքը:

«Չկա ընդդիմություն, սա քաղաքական պայքար չէ: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն: Այստեղ կա դավաճան կամ թշնամի իշխանություն և ժողովուրդ՝ ընկճված, երբեմն՝ հուսահատված, բայց այս ամեն ինչից մեր ժողովուրդը դուրս կգա: Մեր ժողովուրդը ծանր վիճակներից կարողանում է դուրս գալ, այս վիճակից էլ դուրս կգա»,- շեշտեց Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին ինքը համարում է թշնամի՝ պետության և ժողովրդի:

«Ինքը մեզ հետ չի եղել, որ դավաճաներ մեզ: Ինքը միշտ եղել է օտար, թշնամի, և նրա օրոք ոչ մի զարգացում ՀՀ-ը չի կարող ունենալ: Պատերազմում մենք պարտվեցինք, շատ ցավալի և խայտառակ, բայց էլի կարելի է ոտքի կանգնել: Մեր երկիր մտել է թշնամի, ոչ թե դավաճան: Եվ մինչև այդ թշնամուց չազատվենք, մեր երկիրն ապագա չի ունենա»,- ընդգծեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն: