Բավ է պառակտվել
07-12-2020 14:31

Գիտենք, թե որքան սուր է գերիների վերադարձի թեման հարազատների, մտերիմների, ընկերների համար․ Սերգեյ Լավրով

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի առաջին աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն և ընդհանրապես առաջին օտարերկրյա այցը նախարարի պաշտոնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ արարողակարգային հատվածում նախարարները ողջունեցին միմյանց։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց՝ ուրախ են, որ որպես ՀՀ ԱԳ նախարար՝ Արա Այվազյանն առաջին արտասահմանյան այցը կատարում է ՌԴ։ Մինչ հայ-ռուսական օրակարգային հարցերին անցում կատարելը Լավրովն ասաց, որ, իհարկե, գիտեն՝ այսօր տխուր օր է՝ Սպիտակի երկրաշարժի օրն է։

«Եվս մեկ անգամ մեր ցավակցություններն ենք հայտնում։ Մենք հիշում ենք, թե որքան լայն էր արձագանքը Սովետական Միությունում այդ ողբերգությանը, և հույս ունեմ, որ մեր հավաքական պատրաստակամությունը նման բնական աղետների՝ այսօր էապես բարձր է, և հույս ունենք, որ դրանք քիչ կլինեն»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն արձանագրեց, որ նոր են դուրս գալիս ԼՂ հակամարտության թեժ փուլից։ «Կցանկանայի նշել այն կարևոր նշանակությունը, որն այսօր արդեն բոլորը ստիպված են ընդունել նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության, որը և դադարեցրեց պատերազմը, որը թույլ տվեց փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախներ, ապահովեց պայմանավորվածություններ տնտեսության վերականգնման համար, հումանիտար խնդիրների լուծման համար, և պայմանավորվել ենք ապաարգելափակել բոլոր կոմունիկացիաները՝ գյուղատնտեսական և տրանսպորտային, որով կարող ենք Հարավային Կովկասը տարաձայնությունների տարածաշրջանից վերածել կայունության, բարգավաճման տարածաշրջան՝ ի օգուտ ռեգիոնի բոլոր ժողովուրդների։ Ամեն կերպ աջակցելու ենք դրան, ռուս խաղաղապահները համագործակցում են բնակչության հետ, աջակցում են ականազերծմանը, տեղահանվածների վերադարձին, բժշկական օգնություն են ցուցաբերում և լուծում են այլ հումանիտար խնդիրներ։ Ստեղծվում է հումանիտար արձագանքման կենտրոն հայկական և ադրբեջանական կողմերի հետ սերտ համագործակցությամբ, և ամեն կերպ աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսը, սեփական ներուժն ու փորձը խաղաղ կյանքի վերականգնման համար»,- ասաց Սերգեյ Լավրովը։

Վերջինս տեղեկացրեց, որ ՌԴ ղեկավարությունը որոշում է կայացրել հատկացնել հավելյալ կամավոր ներդրում ԿԽՄԿ-ին, որն աշխատում է արդեն երկար տարիներ և տարածաշրջանում՝ Երևանում ու Բաքվում և Ստեփանակերտում։

«Գերիների վերադարձի հարցում մեր խաղաղապահներն ամեն կերպ աջակցելու են հնարավորինս շուտ նրանց վերադարձին, գիտենք, թե որքան սուր թեմա է սա այն անձանց հազարտների, մտերիմների, ընկերների համար , որոնք հայտնվել են գերության մեջ։ Եվ, իհարկե, զոհվածների աճյունների փոխանակումը ևս խնդրի չափազանց զգացմունքային մաս է, որը ևս հարկավոր է հնարավորինս շուտ լուծել։ Վստահ եմ, որ մտքեր կփոխանակենք՝ ինչպես առաջ շարժվել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման շուրջ, և, իհարկե, լավ հնարավորություն է՝ քննարկել մեր երկկողմ հարաբերությունները, գործընկերային, ռազմավարական գործընկերության և, բացի Հարավային Կովկասից, այլ տարածաշրջանային և միջազգային թեմաներ»,- ասաց Լավրովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Այվազյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ զետեղել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակել օրակարգային մի շարք հարցերի շուրջ: