Բավ է պառակտվել
24-07-2020 15:41

Հայաստանի արտգործնախարարությունը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին աշխարհով մեկ հայերի վրա հարձակումներ կազմակերպելու մեջ

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Ադրբեջանի պետական կառույցների՝ հակահայկական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու քայլերը:

«Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր։ Եղել են արտերկրում հայկական դիվանագիտական ծառայության և համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց անձնական և ծառակողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առեւտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունն, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների դեմ ուղղված գործողություններում Ադրբեջանի պաշտոնական անձանց ներգրավվածությունը վկայում են, որ վերոնշյալն ուղղորդվում է Ադրբեջանի պետական կառույցների կողմից:

«Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսեւորումն է եւ ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջեւ առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության եւ քաղաքականության մեջ:», - ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի արտգործնախարարությունը հայրենակիցներին կոչ է արել ցուցաբերել զգոնություն, չտրվել սադրանքներին և նման իրավիճակներում անհապաղ կապ հաստատել տեղական իրավապահ մարմինների, հայ համայնքի կառույցների, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Հարձակումներ և սադրանքներ

Երեկ երեկոյանից սոցցանցերի հայաստանյան օգտատերեը կոչ են անում մոսկվայաբնակ հայրենակիցներին լինել զգոն, հայտնելով, որ ադրբեջանցիները խմբերով հարձակվում են հայերի վրա և ջարդում հայկական համարանիշներով մեքենաները:

Լրատվամիջոցները գրում են հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որի արդյունքում ոստիկանության հատուկ ջոկատայինները և Ազգային գվարդիան ձերբակալել են 13 մարդու: Իրավապահ մարմինները ձեռնարկում են միջոցներ գիշերային անկարգություններին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Մոսկվան է խոսում» ("Говорит Москва"՝ խմբ.) ռադիոկայանին տված հարցազրույցում միջադեպը որակել է որպես սադրանք և նշել, որ բախումները պլանավորված են եղել ադրբեջանական կողմից:

Ավելի վաղ հաղորդվել էր Լոնդոնում, Լոս Անջելեսում, Բելգիայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումների մասին: