Բավ է պառակտվել
22-04-2020 16:39

«Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, հիմա ես չեմ կարող մեկնաբանել»․ Ռուբինյանը՝ Լավրովի հայտարարության մասին


ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ասում էր իրականությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառանալով երեկ ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հաջորդած Մնացականյանի պատասխանին։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։

Խոսքը, նրա պնդմամբ, հակամարտության փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում:
«Ես այստեղ դիտարկում եմ հետևյալ պնդումը՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է՝ որպես տարածքներ, մենք դիտարկում ենք՝ որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ: Սա լիովին պատասխանում է Ձեր հարցին»:
Հաջորդ հարցին՝ այժմ Լավրովի նշած փաստաթուղթը կա՞, թե՞ ոչ, և Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, հիմա ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան: Ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում ՀՀ արտգործնախարարին, երեկ Զոհրաբ Մնացականյանն առավել քան հստակ ներկայացրել է իրավիճակը, ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը ասել է, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։
Հարցին՝ տեսնո՞ւմ է ռուսական կողմից պարզաբանում պահանջելու անհրաժեշտություն, Ռուբինյանն ասաց․ «Կարծում եմ, որ եթե կարիք լինի, մեր հնարավոր գործողությունների տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։ Իսկ արդյո՞ք Լավրովի հայտարարությունն ընդունելի՞ է, թե՞ ոչ, Ռուբեն Ռուբինյանն անպատասխան թողեց և հեռացավ։

 

 

Արմինե Գևորգյան