Բավ է պառակտվել
28-03-2022 11:39

Հայաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ ռուս խաղաղապահները կկասեցնեն ադրբեջանական զինուժի ներխուժումն Արցախում իրենց պատասխանատվության գոտի

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն ադրբեջանական զորքերի շարժի հետևանք է։

Միաժամանակ, ինչպես երկուշաբթի հիշեցրել է Հայաստանի արտգործնախարարությունը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:

«Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում», - նշել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարությունն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:

«Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», - նշել են ԱԳՆ-ից:

Հայտարարությանը կցված է երկու քարտեզ, որոնք ցույց են տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու որվագիծը՝ վերցված ՌԴ ՊՆ կայքից։

«2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան: 2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր»,- նշել է Հայաստանի ԱԳՆ-ն։

Լարվածության սրացում Արցախում

Մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Մարտի 26-ին հակառակորդը Արցախի արևելյան սահմաններում առաջխաղացման նոր փորձ է ձեռնարկել. Հակառակորդը կրել է մեծ կորուստներ, հայկական կողմն ունի երեք զոհ և 15 վիրավոր։

Մարտի 27-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական կայուն է, բանակցություններ են տարվում ադրբեջանական զորքերն իրենց ելման դիրքերը վերադարձնելու ուղղությամբ։

Մոսկվայի արձագանքը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 26-ին հայտարարել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ներծուժել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։

«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին չորս հարված է հասցվել «Բայրաքթար ՏԲ-2» տիպի անօդաչու թռչող սարքից: Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության առնչությամբ, հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար և կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն ու խստորեն պահպանել առկա ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները։