Բավ է պառակտվել
14-01-2016 15:44

Միջնորդներն արդեն անհանգստացած են ղարաբաղյան հակամարտությամբ. ՀՀ ԱԳՆ

Ալիևի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձևական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված բանակցություններին: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը:
«Դա արդեն բավարար է հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը և ԵԱՀԿ համանախագահների նկատմամբ, և հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Միանշանակ, սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա՝ բանակցային գործընթացում առաջընթաց լինի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց. «Իհարկե միջնորդները, համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ, բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, որը եղավ վերջինը Բեռնում և որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձևական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել: Սա է խնդիրը, որը իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ վերլուծել և անդրադառնալ այս ամեն ինչին, քանի որ այսպես շարունակելը որևէ դրական արդյունքի չի կարող բերել: Իսկ դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն»:
Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ դրա ազդանշաններից տեսել են հենց նույն Բեռնում, երբ կողմերից մեկը` Ադրբեջանը, բանակցությունների քողի տակ շարունակում էր իր դեստրուկտիվ ուժային քաղաքականությունը, իսկ առաջարկությունները ծանրացել են այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են համապատասխան հետաքննության մեխանիզմներ, այդ թվում` համապատասխան սարքավորումների ներդրում: «Բնական է Ադրբեջանը դրան դեմ է գնում, բայց սա ցույց է տալիս, որ միջնորդներն արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել»,- ասաց փոխնախարարը: Եվ եթե այս ուղղությամբ էլ հաջողության չհասնեն, ապա ուշ թե շուտ, ըստ Շավարշ Քոչարյանի, պետք է հասունանա մեկ այլ մոտեցում` կամ Ադրբեջանին պարտադրանք, կամ էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման գործընթաց: